Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 4.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Ակնթարթ, որը տարիներ արժե...

Ակնթարթ, որը տարիներ արժե...

Հարցազրույց ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի, ինչպես նաև լոնդոնյան օլիմպիադայի բրոնզե մեդալակիր, ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանի հետ

 

Ասում են սպորտն առողջության գրավականն է: Սպորտին այդքան մոտ կանգնած Հռիփսիմեն իրեն առողջ մարդ համարո՞ւմ է:

 

- Սպորտն իրոք առողջության գրավականն է այնքան ժամանակ, քանի դեռ սիրողական հարթության վրա է: Երբ այդ սահմանը հատվում և հասնում է պրոֆեսիոնալ մակարդակի, սկսում է երևալ նաև մեդալի հակառակ կողմը: Ինչ վերաբերում է ինձ, ապա ուրախությամբ կարող եմ ասել, որ ես առողջ մարդ եմ ու բախտ եմ ունեցել չբախվելու սպորտի ՙբացասական՚ կողմերին:

 

Ինչո՞ւ սպորտ և ինչո՞ւ ծանրամարտ:

 

- Շատ պատահական եմ ընտրել այս ուղին: Սկզբում քույրս` Գոհարն էր փորձում ծանրաձողի հետ «կռիվ» տալ, սակայն նրա մոտ չստացվեց: Որոշ ժամանակ անց ես փորձեցի և արդեն 15 տարի է, ինչ զբաղվում եմ ծանրամարտով, իսկ արդյունքներն էլ արդեն տեսնում եք:

 

Ընտանիքի անդամներն ինչպե՞ս ընդունեցին մարզուհի դառնալու Ձեր որոշումը:

 

- Հաշվի առնելով այս սպորտաձևի դժվարությունները, աղջկա համար ոչ այդքան հարմար լինելու հանգամանքը` ծնողներս կտրականապես դեմ էին, բայց համառության և նպատակասլացության շնորհիվ ես այսօր մեծ սպորտում եմ:

 

 

Որո՞նք են ծանրամարտում Ձեր ունեցած նվաճումները:

 

- Կարևոր նվաճումներ են մեծահասակների Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի նվաճումը, մեծահասակների աշխարհի բրոնզե մեդալը և վերջին հաղթանակս` Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալը: Ընդհանուր առմամբ ավելացրած յուրաքանչյուր կիլոգրամ բարձրացնելը նվաճում եմ համարում:

 

Օլիմպիական բրոնզե մեդալը որևէ բան փոխե՞ց Ձեր կյանքում և այն ի՞նչ նշանակություն ունեցավ:

 



 

- Օլիմպիական բրոնզե մեդալը 15 տարվա քրտնաջան աշխատանքիս արդյունքն է, երկար սպասված հաղթանակը: Այն ևս մեկ անգամ ապացուցեց, որ չպետք է նահանջել, հանձնվել, պետք է միայն պայքարել ու համբերել: Չէ՞ որ հաղթողի տիտղոսին հեշտությամբ չեն արժանանում: 

 

Ի՞նչ ապրումներ ունեիք ծանրաձողը բարձրացնելու պահին:

 

- Ե´վ բարձրացնելու ժամանակ, և´ մինչ մոտենալը մտածում էի միայն վարժությունը ճիշտ ու ամբողջական կատարելու մասին: Շատ կարևոր է կենտրոնանալն ու ծանրաձողին վստահաբար մոտենալը:

 

 

Մարզումների և մրցումների ժամանակ ստացած վնասվածքներն ի՞նչ հետևանքներ են ունենում առողջության վրա: 

 

- Երբ ամբողջությամբ նվիրվում ես սպորտին` վնասվածքներն ու դժվարություններն անխուսափելի են, բայց եթե մարզիկը նպատակասլաց ու աշխատասեր է, ապա մեծ հաղթանակներն առջևում են...

 

Մեծահասակների աշխարհի առաջնության ժամանակ ձեռքի լուրջ վնասվածք էի ստացել: Մոսկվայում վիրահատելուց հետո ոչ միայն վերադարձա պրոֆեսիոնալ սպորտ, այլև նվաճեցի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալ: Կարևորը չհանձնվելն ու պայքարելն է:

 

Խոսենք նաև ծրագրերի և անելիքների մասին:


 - Առաջիկա մեկ տարում ամբողջովին նվիրվելու եմ նորաստեղծ ընտանիքիս: Մրցաշարերում հանդես չեմ գալու, սակայն այդ ընթացքում մարզումները, ճիշտ է, ոչ մեծ ծանրաբեռնվածությամբ, բայց չեմ դադարեցնելու: Միայն 2014թ. դուրս կգամ մրցահարթակ: 

 

Ինչպե՞ս է ծանրորդուհի լինելու փաստին նայում Ձեր ամուսինը: 

 

- Նույն բնագավառից լինելու հանգամանքը հարթում է բոլոր խոչընդոտները: Նա միշտ իմ կողքին է և իր ներկայությամբ ոգեշնչում է հասնելու նոր հաղթանակների:

  

Կցանկանայի՞ք, արդյոք, Ձեր ապագա երեխաներին տեսնել սպորտի ասպարեզում, հատկապես` ծանրամարտում:

 

- Եթե բալիկներս ցանկություն ունենան սպորտում իրենց ուժերը փորձել, դեմ չեմ լինի, միաժամանակ երբեք չեմ ստիպի ծանրամարտով զբաղվել:

 

Ինչպիսի՞ն է Հռիփսիմե Խուրշուդյանը խոհանոցում և ո՞ր խոհանոցն է առավել հարազատ:

 

- Ճիշտն ասած, խոհանոցում չեմ փայլում կարողություններով, չնայած շատ եմ սիրում աղցաններ պատրաստել: Երևի դրա պատճառը տանը քիչ լինելն է, 14 տարեկանից Հայաստանի հավաքականի կազմում եմ, որը ստիպում է առավել նվիրվել սպորտին, այնպես որ, տնային գործերին շատ քիչ ժամանակ է մնում: Ինչ վերաբերում է նախընտրելի խոհանոցին, ասեմ, որ շատ եմ սիրում հայկականի համն ու բույրը:

 

Ինչո՞վ եք սիրում զբաղվել ազատ ժամանակ, ինչպիսի՞ հանգիստ եք նախընտրում, որտե՞ղ եք գերադասում հանգստանալ:

 

- Քանի որ ազատ ժամանակ քիչ ունեմ, ուստի յուրաքանչյուր վայրկյան փորձում եմ մտերիմներիս ու հարազատներիս հետ անցկացնել: 

 

Ո՞րն է Հռիփսիմե Խուրշուդյանի կարդացած վերջին գիրքը:

 

- Վերջին գիրքը, որ կարդացել եմ,«Մուսա լեռան քառասուն օրն» է: Ցավոք, ընթերցանությամբ զբաղվելու ժամանակ շատ քիչ եմ ունենում:

 

Բացի սպորտից, ուրիշ ի՞նչ բնագավառում եք Ձեզ տեսնում:

 

- Անկեղծ ասած` սպորտից դուրս ինձ չեմ պատկերացնում:

 

Ի՞նչ կմաղթեք մեր հանդեսի ընթերցողներին:

 

- Աստված տա բոլոր ընթերցողները լինեն առողջ, իսկ «Առողջապահությունը» միշտ շրջապատված լինի հաճելի ու հավատարիմ ընթերցողներով:

 

Հեղինակ. Տաթև Առաքելյան
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 4.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ